Ծաղիկ, պտուղ,սերմ

Ծաղիկը բույսի օրգան է, որը կարճացած և ձևափոխված ընձյուղ է:

Ծաղիկը բույսի այն օրգանն է, որը նախատեսված է  բազմացման համար:

Ծաղկից առաջանում են բույսի պտուղները և սերմերը:

Պտուղը  բազմացման հետևանքով առաջացող օրգան է, որը պարունակում է սերմեր:

Սերմերով բույսը տարածվում է բնության մեջ և բազմանում:

Ցողունին ծաղիկը միանում է ծաղկակոթով: Ծաղկակոթին հաջորդում է ծաղկակալը: Ծաղկակալի վրա են դասավորված ծաղկի բոլոր մասերը:

Արտաքինից մեզ համար տեսանելի է ծաղկի ծաղկապատը: Ծաղկապատը կազմված է բաժակաթերթերից և պսակաթերթերից: Բաժակաթերթերը կանաչ են և միասին կազմում են բաժակ:

Պսակաթերթերը ծաղկի գույնզգույն, վառվռուն թերթիկներն են, որոնք միասին կազմում են պսակ:

Ծաղկի ներսում գտնվում են նրա սեռական օրգանները:

Մի շարք բույսերում ծաղիկները խմբերով դասավորված են ցողունի վրա` առաջացնելով ծաղկաբույլեր:

Օրինակ

Կաղամբը, եղրևանին, ակացիան, ալոճենին, աստղածաղիկը, երեքնուկը, եղրևանի:

Սեռական բազմացումից հետո ծաղկի առանձին մասերից ձևավորվում է պտուղը:

Տերևներից պտղի մեջ հոսում են սննդանյութեր, որի շնորհիվ պտուղը հասունանում է: Պտուղը պաշտպանում է սերմերը անբարենպաստ եղանակից և նպաստում դրանց տարածմանը: Պտուղները լինում են շատ տարբեր` գույնով, ձևով, չափով, համով, ուտելի և ոչ ուտելի:

Պտուղները լինում են.

ա. Չոր` կաղին, արջընկույզ, ընկույզ և այլն:

բ. Հյութալի` սալոր, խնձոր, տանձ և այլն:

գ. Հատապտուղ` հաղարջ, ազնվամորի, պոմիդոր և այլն:

դ. Կորիզապտուղ` բալ, դեղձ, ծիրան և այլն:

ե. Հատիկ` գարի, ցորեն, եգիպտացորեն և այլն:

զ. Ունդ` լոբի, ոլոռ, բակլա և այլն:

է. Տուփիկ` բամբակը, վուշը, կակաչը:

Հաճախ սերմերը շատ հեռու են ընկնում այն բույսերից, որոնց վրա նրանք հասունացել են: Դա բացատրվում է նրանով, որ պտուղները և նրանցում եղած սերմերը տարածվում են`

  • քամու միջոցով
  • ինքնացրմամբ
  • միջատների և կենդանիների շնորհիվ
  • մարդու միջամտությամբ

Այն պտուղները, որոնք պարունակում են արժեքավոր նյութեր սնունդ են հանդիսանում մարդու համար: Տվյալ բույսերը կոչվում են պտղատու բույսեր: Մարդը հատուկ աճեցնում և խնամում է այդ բույսերը, որպեսզի ստանա դրանց արժեքավոր պտուղները:

Սերմից հողում ծլում, աճում և զարգանում է նոր բույս:

Սերմը իր մեջ պարունակում է ապագա բույսի կենդանի սաղմը:

Սերմերում ևս կուտակվում են սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են սերմի սաղմին ծլելու և աճելու համար:

Օրինակ

Մեզ լավ ծանոթ ցորենի, եգիտացորենի չոր սերմերը հարուստ են սննդանյութերով: Այդ պատճառով մարդը դրանք օգտագործում է որպես սննդատեսակ:

Սերմերը միմյանցից տարբերվում են ձևով, չափով, գույնով, տարածման եղանակով:

Առաջադրանք`

ԹԵՍՏ – Ծաղիկը, պտուղը և սերմը

1. Ինչ է ծաղիկը բույսի մեջ։
ա) Տերևի տեսակ
բ) Սեռական օրգան
գ) Արմատի շարունակություն
դ) Սերմի կեղև

2.  Ծաղիկը բույսի ո՞ր օրգանից է ձևափոխվել։
ա) Արմատից
բ) Տերևից
գ) Ընձյուղից
դ) Պտղից

3. Ծաղկից ի՞նչ է առաջանում։
ա) Սերմեր և պտուղներ
բ) Տերևներ և ցողուն
գ) Արմատներ
դ) Նոր բույսեր անմիջապես

4. Ինչ է պտուղը։
ա) Բույսի սերմը
բ) Սեռական բազմացման արդյունքում առաջացած օրգան
գ) Տերևների խումբ
դ) Ծաղկի գույնզգույն մասը

5. Ինչ է պարունակում պտուղը։
ա) Ծաղկափոշի
բ) Սերմեր
գ) Արմատներ
դ) Թիթեղներ

6. Ինչ է միացնում ծաղիկը ցողունին։
ա) Ծաղկապատը
բ) Ծաղկակալը
գ) Ծաղկակոթը
դ) Բաժակը

7. Ի՞նչ գույն ունեն բաժակաթերթերը։
ա) Կարմիր
բ) Կանաչ
գ) Դեղին
դ) Սպիտակ

8. Ինչ են կազմում պսակաթերթերը միասին։
ա) Ծաղկապատ
բ) Բաժակ
գ) Պսակ
դ) Ծաղկակոթ

9. Որտե՞ղ են գտնվում ծաղկի սեռական օրգանները։
ա) Ծաղկակոթում
բ) Ծաղկի ներսում
գ) Բաժակաթերթերի վրա
դ) Տերևների տակ

10. Ինչ են առաջացնում որոշ բույսերի խմբերով դասավորված ծաղիկները։
ա) Ծաղկաբույլեր
բ) Սերմեր
գ) Բաժակաթերթեր
դ) Տերևներ

11. Ինչպես են տարածվում սերմերն ու պտուղները։
ա) Միայն ջրի միջոցով
բ) Միայն մարդու միջոցով
գ) Քամու, կենդանիների, միջատների կամ մարդու օգնությամբ
դ) Մեր ձեռքով ցանելով

12. Ինչ դեր ունի պտուղը։
ա) Պաշտպանում է սերմերը
բ) Օգնում է ծաղկելուն
գ) Կերակրում է կենդանիներին
դ) Բազմացնում է պտղատու բույսերը

13. Ինչ է պարունակում սերմը իր ներսում։
ա) Ծաղկափոշի
բ) Սաղմ
գ) Արմատ
դ) Թերթիկ

14. Ի՞նչ են պտղատու բույսերը։
ա) Բույսեր, որոնք աճում են միայն անտառում
բ) Բույսեր, որոնք ունեն մեծ տերևներ
գ) Բույսեր, որոնք տալիս են ուտելի պտուղներ
դ) Բույսեր, որոնք ծաղկում են գարնանը

15. Ինչու է մարդը օգտագործում ցորենի և եգիպտացորենի սերմերը։
ա) Որպես կեր կենդանիների համար
բ) Որպես շինանյութ
գ) Որպես սննդատեսակ
դ) Որպես զարդարանք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *